Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ տեսակապով անդրադարձել է դստեր մեքենա ձեռք բերելու մասին քննարկումներին:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ վարչապետը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկ չի կարող հրաժարվել պետական պահպանությունից:
«Օրենքն ասում է, որ պետական պաշտպանության ենթակա անձի պահպանությունն իրականացվում է այդ թվում տրանսպորտային միջոցների կիրառմամբ: Օրինակ՝ այն, որ իմ ընտանիքի անդամներն այսօր որևէ տրանսպորտային միջոցով տեղից տեղ են շարժվում, այդ մեքենան իմ ընտանիքի անդամի համար գնված չէ: Մեքենան գնված է պետական պահպանության ծառայության աշխատողների համար, որոնք իրականացնում են վարչապետի ընտանիքի անդամի անվտանգությունը: Այն մեքենան, որով ես եմ շրջում, իմը չէ, այլ պետական պահպանության ծառայությանն է, որն օգտագործում է վարչապետի անվտանգությունն ապահովելու համար: Ասել, որ իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի համար պետական պահպանության ծառայությունը մեքենա է գնել, աբսուրդ է»,- ընդգծել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ երբ Մարիամ Փաշինյանը նոր էր վարորդական իրավունք ստացել, շրջում էր իր մեքենայով, իսկ պետական պահպանության մեքենան հետևում էր նրան՝ ստեղծելով շարասյան տպավորություն, այդ պատճառով էլ հիմա օգտագործվում է պետական պահպանության համար նախատեսված մեքենան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






