ՀՀ Արարատի մարզում 2019-ին ընթացքի մեջ է 58 սուբվենցիոն ծրագիր, ծրագրերի մեծ մասը տարեվերջին արդեն ավարտված կլինեն, մի մասը կտեղափոխվի 2020 թվական: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնել է Արարատարի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Նա նշել է, որ այս տարի Արարատի մարզն ունի 58 սուբվենցիոն ծրագիր. «Մենք ներկայացրել էինք 87 հայտ, սակայն ինչ-որ պատճառներով մի հատվածը մերժվել են: Դրանք հիմնականում կատարվել են 43 համայնքում, որոնցից 24-ում կատարվել է ընդհանուր 10 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատում, 7 համայնքում` լուսավորության ցանցի կառուցում, 4 համայնքում` ջրագծերի կառուցում և վերակառուցում, 5 համայնքում` ոռոգման ցանցի կառուցում և վերակառուցում, 3 համայնքում` գազաֆիկացում, 7 համայնքում` մանկապարտեզի հիմնանորոգում և նորոգում, 3 համայնքում` մշակույթի տների վերանորոգում և կառուցում, 2 համայնքում` այգու կառուցում, 3-ական համայնքներում` տեխնիկայի ձեռքբերում, հանդիսությունների սրահի կառուցում և սպորտային խաղադաշտի կառուցում: Ծրագրերի մեծ մասն արդեն ավարտված են, և որոշ ծրագրեր կտեղափոխվեն 2020 թվական»,-նշեց Սարգսյանը:
Մարզպետը նշեց նաև, որ 1 ծրագիր դուրս է մնացել, քանի որ պատվիրատուի` համայնքի կողմից, միակողմանի լուծվել է պայմանագիրը: Խոսքն Այնթապի մշակույթի տան կառուցման մասին է:
«2019 թվականի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերը եղել են 22-ը և նախահաշվային գումարը կազմել է 413 մլն դրամ, ունեցել են նաև խնայողություններ, որոնց մի մասն ուղղվել է այլ ծրագրերի: 11 համայնքում վերակառուցվել և կառուցվել է ոռոգման ցանց, 8 համայնքում կատարվել է խմելու ջրագծի կառուցում և վերակառուցում, 1 համայնքում մանկապարտեզի տանիքի վերանորոգում, 2 դպրոցում ջեռուցման համակարգի կառուցում»,- ընդգծել է Սարգսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






