Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են անցկացվում՝ «Կրթության ոլորտի բարեփոխումները և առաջիկա մարտահրավերները» թեմայով: Լսումների ժամանակ ելույթ է ունեցել նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա խոսել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխունների ու այս ոլորտի վերաբերյալ իր պատկերացումների մասին:
Արձանագրված ձեռքբերումների ցանկում նա նշել է դպրոցների ապաքաղաքականացումը, սակայն, միևնույն ժամանակ, նշել է, որ, եթե ներկայիս իշխանությունները ուսուցիչներին «հանձնարարություններ» տան, նրանց մեծ մասը կատարելու է:
Պատգամավորը նաև անդրադարձել է վերջին շրջանում կրթության շուրջ ծավալվող ակտիվ քննարկումներին և նշել.
«Այո, լավ է, որ վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները կրթական բարեփոխումների շուրջ: Իհարկե, հնչում են ծայրահեղ կարծիքներ՝ քանդել, փշրելուց մինչև պահպանել այն, ինչ կա: Ոչ պետք է ամեն ինչ քանդել, փշրել, ոչ էլ պետք է որպես նյութական մշակութային արժեք պահպանել այն, ինչ կա»:
Ելույթի ընթացքում, խոսելով ավագ դպրոցների դերի մասին, Նաիրա Զոհրաբյանն արձանագրեց, որ դրանք չեն կատարում իրենց դերը, քանի որ աշակերտները միևնույնն է դիմում են կրկնուսույցների օգնությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






