«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տոնում է հիմնադրման 4-րդ տարեդարձը: Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման 4-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, անդամներ Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը և այլք։
Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ներկայացրեց կուսակցության նպատակն ու առաքելությունը և հետագա անելիքները։
«Ներկայումս մենք գտնվում ենք շատ դժվարին ժամանակներում. Հայաստանի Հանրապետությունը և նրա հետ միասին նաև ողջ քաղաքական համակարգը գտնվում են անցումային շրջափուլում, ինչը լրջագույն մարտահրավեր է յուրաքանչյուր պետության համար: Մեր համոզմամբ, ինչպես այս, այնպես էլ ցանկացած մարտահրավերի կանխարգելման միջոցները պայմանավորված են քաղաքական համակարգի որակով և կենսունակությամբ»,- ընդգծել է Էդմոն Մարուքյանը։
Կուսակցության նախագահը կարևորել է կենսունակ և արդյունավետ քաղաքական միջավայրի ձևավորումը՝ ընդգծելով, որ դա կնպաստի կայուն զարգացող, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական Հայաստանի Հանրապետություն ունենալուն:
«Հենց այս հիմնախնդրով է պայմանավորված ԼՀԿ-ի առաքելությունն ու դերը Հայաստանի քաղաքական կյանքում»,- ասաց Մարուքյանը:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2015թ. դեկտեմբերի 12-ին: Այժմ կուսակցությունը Ազգային ժողովում ներկայացված երեք քաղաքական ուժերից մեկն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






