ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում ամփոփել է 2019 թվականը: Նա անցնող տարին համարել է Իշխող թիմի չիրականացված խոստումների տարի:
Շարմազանովն առանձին անդրադարձ է կատարել իշխանությունների՝ ԼՂ հակամարտության հարցում հնչեցված տեսակետներին և նշել, որ «Փաշինյանի անհեռատես, ոչ պրոֆեսիոնալ, շատ դեպքերում չմտածված և էմոցիոնալ հայտարարությունները վնաս են բերել հայկական կողմերի դիրքերին»:
ՀՀԿ մամուլի խոսնակը շեշտել է, որ այս 1,5 տարում Փաշինյանը երբևէ հստակորեն չի արտաբերել ամենակարևոր խոսքը. Արցախը որևէ կարգավիճակում չի կարող լինել Ադրբեջանի կազմում. «Երեկ ասաց, որ 1986-1987 թվականների կարգավիճակին վերադարձ չի լինելու: Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս 1992 թվականի մարտին իր հարցազրույցում հստակ նշել է, որ ինքը դեմ չի, որ ԼՂ-ն որպես ինքնավար հանրապետություն լինի Ադրբեջանի կազմում: Այսինքն, Փաշինյանի հայտարարությունից միջազգային հանրությունը կարող է հասկանալ, որ ԼՂԻՄ չի լինելու, բայց դա չի բացառում ԼՂ-ի՝ որպես ինքնավար հանրապետության գոյությունն Ադրբեջանի կազմում»,-ընդգծեց Շարմազանովը:
Ըստ Շարզամանովի՝ ԼՂ հակամարտության հարցում ինքը որևէ առաջընթաց չի տեսնում և սրա պատճառներից մեկն էլ այն է, որ փոխանակ Նիկոլ Փաշինյանը խոսի այն մասին, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, հրապարակ է նետում «ադրբեջանական համայնք» բառակապակցությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







