Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ ՌԴ ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Այս մասին դեկտեմբերի 24-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը եղել և մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը։ Ռուսաստանը որպես միջնորդ փորձում է օգնել քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելու հարցում ՝ երկու կողմերի համար ընդունելի տարբերակի հիման վրա», – նշել է ռուս դիվանագետը։
Կոպիրկինը նաև անդրադարձել է պաշտպանության ոլորտում ռուս-հայկական համագործակցությանը՝ նշելով, որ այդ համագործակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման առանցքային գործոն է:
«Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102 -րդ ռազմաբազան, այժմ քայլեր են ձեռնարկվում նրա մարտական պատրաստվածությունը բարձրացնելու ուղղությամբ։ Հաջողվել է հասնել լուրջ արդյունքների։ Կա ռազմական բազայի մարտական հզորության կրկնակի բարձրացման ծրագիր՝ առանց զինծառայողների թվի ավելացման», — նշել է դեսպանը։
Սերգեյ Կոպիրկինի խոսքով, ընթացիկ տարում հաջողությամբ զարգացել է նաև ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցությունը:
«Արվածը վկայում է Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման գործում համագործակցության կարևոր դերի մասին», — ընդգծել է ռուս դիվանագետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






