Հայկ Մարությանը դադարել է լինել «Երկուս և կես» ՍՊԸ-ի տնօրենը՝ քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց 3 օր առաջ։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում հրապարակել էփաստաթղթեր՝ պատասխանելով այն հրապարակմանը, որ Հայկ Մարությանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել՝ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով։
Կարապետյանը տեղեկացրել է, որ «Ժողովուրդ» օրաթերթում «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել» վերնագրով հոդվածը լույս տեսնելու օրը` դեկտեմբերի 5-ին, հերքման պահանջ են հրապարակել` փաստաթղթերով վեր հանելով օրաթերթի կողմից ապատեղեկատվություն տարածելու փաստը։
«Առանց փորձելու կանխորոշել հանձնաժողովի այսօրվա որոշումը՝ նորից տեղադրեմ կնքված և ստորագրված փաստաթղթերը, որտեղ երևում է, որ Հայկ Մարությանը դադարել է լինել «Երկուս և կես» ՍՊԸ-ի տնօրենը 2018-ի հոկտեմբերի 10-ին՝ քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց 3 օր առաջ»,-ընդգծել է նա, հավելելով, որ նույն տեղեկությունը կարող էին էլեկտրոնային տարբերակով ստանալ նաև «Ժողովրդի» գործընկեները՝ վճարելով 3000 դրամ և Պետռեգիստրի էլեկտրոնային կայքից վերցնելով փաստաթղթերը։
Հակոբ Կարապետյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 18-ին քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերն ուղարկել է Հանձնաժողովին և միջնորդություն ներկայացրել՝ եզրակացություն ընդունել անհամատեղելիության պահանջների խախտման փաստի բացակայության մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






