Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանի աշխատանքն արդյունավետ է համարում նաև ընդդիմության ակտիվ մասնակցության տեսանկյունից: Այս մասին այսօր նա հայտարարել է՝ ամփոփելով խորհրդարանական տարվա ընթացքում խմբակցության աշխատանքը։
Իշխող խմբակցության ղեկավարը նկատել է, որ 7-րդ գումարման խորհրդարանի գործունեության մեկ տարվա ընթացքում ընդունվել է 367 օրինագիծ, որոնցից 30-ը նախաձեռնվել են խորհրդարանական ընդդիմության կողմից: Մակունցը վստահ է, որ նախորդ տարիներին ընդդիմության ակտիվության նման մակարդակ չի նկատվել, ինչն արդյունավետության ցուցանիշ է։
«Խորհրդարանի աշխատանքները եղել են արդյունավետ` պայմանավորված նաև ընդդիմության ակտիվությամբ։ Մեզ համար և ընդհանրապես ժողովրդավարական պետության համար խորհրդարանական ընդդիմության համար չափազանց կարևոր է նաև ընդդիմության դերը։ Այո, ընդդիմության ակտիվությունը համարում ենք մեզ համար կարևոր ցուցանիշ»,– ասաց Մակունցը։
Իշխող դաշինքի անդամները լրագրողներից պահանջել են ներկայիս գումարման խորհրդարանը չհամեմատել նախորդների հետ։ Իշխող դաշինքի պատգամավորների նման հայտարարության պատճառ են դարձել լրագրողների հարցերը, որոնք վերաբերում են խորհրդարանում հաճախ հնչող փոխադարձ վիրավորանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակին, որի դեպքում օրենսդիր մարմինը միայն հաստատում է կառավարության օրենսդրական նախաձեռնությունները:
Մակունցը նշել է, որ երբեմն Խմբակցություններում և լիագումար նիստերում քննարկումներն ընթանում են կոշտ մթնոլորտում, սակայն վիրավորանքներն ավելի շատ հնչում են իշխող դաշինքի հասցեին, իսկ խմբակցության անդամները հաճախ միայն պատասխանում են հարձակումներին:
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության անդամների անփորձության մեղադրանքներին՝ Մակունցը հայտարարել է, որ երիտասարդությունն ու խորհրդարանում աշխատելու փորձի բացակայությունը բնավ բացասական գործոն չէ, հակառակը՝ դա թույլ է տալիս նորովի նայել հարցերին։
Խոսելով այն մասին, որ օրենսդրական նախաձեռնությունների մեծ մասը ներկայացնում է կառավարությունը, Մակունցն ընդգծել է, որ երկրների մեծ մասում նման իրավիճակ է նկատվում, և դա բնական է, քանի որ կառավարությունը քաղաքականություն է ձևավորում։
Մեկնաբանելով ՀՀԿ ներկայացուցիչների հայտարարությունները, Լիլիթ Մակունցը նշել է, որ Հայաստանի նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը պետք է «թայմ աութ» վերցներ և մանրակրկիտ վերլուծեր երկրում ձևավորված իրավիճակը։
Նրա խոսքով, վերջին շրջանում երկու հեղինակավոր միջազգային կազմակերպություններ անցկացրել են հասարակական կարծիքի հարցում, որի արդյունքները բացահայտել են քաղաքացիների իրական տրամադրություններն ու վստահության մակարդակը ՀՀԿ-ի և ներկայիս իշխանությունների նկատմամբ:
«Հարցումների արդյունքները հաստատում են իմ կողմից ավելի վաղ հնչեցված հայտարարություններն այն մասին, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հանրապետական կուսակցությունը պետք է «թայմ-աութ» վերցներ, վերլուծեր իրավիճակը երկրում, և վերջապես հասկանար, թե ինչ է տեղի ունեցել և ինչ պատճառով», — հայտարարել է Մակունցը: Նրա խոսքով, ՀՀԿ-ն պետք է նախապատրաստվի ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրություններին, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսք լինել չի կարող:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






