Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Այս մասին հայտնում է Վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Տոտալիտար համակարգում կառավարման մարմինները նրա համար են, որ վերահսկեն, հսկողության տակ պահեն, կառավարեն ամեն ինչ։ Ժողովրդավարական համակարգերում պետական կառավարման համակարգը պետք է առաջնորդվի հայտնի բժշկական սկզբունքով՝ չվնասել, այսինքն՝ պետական կառավարման համակարգի առաջին առաքելությունը պետք է լինի չվնասելը, կամ եթե ավելի կոնկրետ արտահայտվենք, չխանգարելը երկրի տնտեսական, քաղաքական, հանրային բնականոն կյանքին։ Մեր կառավարությունը քաղաքական խնդիր է դրել առաջնորդվել հենց այսպիսի տրամաբանությամբ, և, ամփոփելով 2019 թվականը, բնականաբար, պիտի հարցադրենք, թե ինչքանով ենք կատարել այս խնդիրը, ինչքանով ենք լավ աշխատել 2019 թվականին»։
Վարչապետը խոստովանել է, որ իրենք երբեմն աշխատել են լավ, երբեմն կամ տեղ-տեղ աշխատել են լավ, տեղ-տեղ աշխատել են շատ լավ, տեղ-տեղ աշխատել են վատ, տեղ-տեղ աշխատել են շատ վատ։
Ըստ էության, մենք պիտի խոստովանենք, որ Հայաստանի Հանրապետությունում մեծավ մասամբ ավտորիտար համակարգի պայմաններում ձևավորված կառավարման համակարգում մենք փորձ ենք անում իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ։ Այս արձանագրումը ոչ թե պիտի որպես մեղադրանք հնչի, այլ պիտի հնչի որպես մեր ընթացիկ իրականության արձանագրում և գիտակցում»,-ասել է Վարչապետը՝ արձանագրելով, որ կառավարության մակարդակում ամեն ամսվա հետ հիմա արդեն ավելի ու ավելի է զգացվում աշխատանքի թիմային տրամաբանությունը, ներդաշնակ աշխատանքը։
«Այսօր կառավարության համակարգում, նախարարություններում, պետական կառավարման մարմիններում կան լավ պաշտոնյաներ և աշխատակիցներ, կան վատ պաշտոնյաներ և աշխատակիցներ, կան շատ վատ պաշտոնյաներ և աշխատակիցներ։ Այսօր բոլոր համակարգերում մենք այս պրոբլեմն ունենք, բայց ընդհանուր առմամբ պիտի այս խնդրին մոտենանք հավասարակշռված, մտածված, նախագծված և յուրաքանչյուր դեպքում պետք է յոթը չափենք և մեկը կտրենք, բոլոր դեպքերում»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում կային ուժեր, որոնց համար քաղաքական փոփոխությունն ինքնին նպատակ էր, և երբեմն ազդարարվում էր, որ դրան կարելի է հասնել ցանկացած միջոցով։
Վարչապետն այս տարին բացառիկ հետհեղափոխական տարի է անվանել. « Ես չեմ ասի, չեմ պնդի, որովհետև չեմ հասցրել ուսումնասիրել, որ աշխարհում ոչ մի երկրում այսպիսի նախադեպ տեղի չի ունեցել։ Ես այդպիսի պնդում չեմ անի, բայց եթե եղել է նույնիսկ, այդ նախադեպերը եղել են շատ քիչ, երբ հետհեղափոխական առաջին լիարժեք տարում հնարավոր է ապահովել առնվազն 7.5 տոկոս տնտեսական աճ, երբ հնարավոր է այսպիսի հսկայական քաղաքական փոփոխությունների արդյունքում ապահովել կայունություն՝ ապահովել կայունություն Զինված ուժերում, իրավական համակարգում, դատական համակարգում, և ընդհանրապես երկրի կյանքի բոլոր ոլորտներում»։
Իր ելույթի վերջում Վարչապետը շնորհավորել է ներկաներին Ամանորյա տոների կապակցությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






