Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ կառավարությունում, տեղի է ունեցել խորհրդակցություն գույքահարկի համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է մինչ օրս այդ ուղղությամբ կատարված աշխատանքը. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ 2019 թ. նոյեմբերին ընդունվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտնելու 2021 թ. հունվարի 1-ից: Օրենքով սահմանվում է կադաստրային տարածագնահատման 20 գոտի և 9 տեսակի գույքահարկ ողջ հանրապետության տարածքում, ինչը կբարձրացնի հարկման հասցեականությունը: Արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի միասնական և արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև օրենքի կիրարկման համատեքստում գույքային հարկերի համակարգի բարեփոխումների իրականացման մեթոդաբանությանը, ներդրման ժամանակացույցին, անշարժ գույքի շուկայական և կադաստրային արժեքի արդյունավետ համադրմանը, գույքային հարկերն սպասարկող ծրագրային համակարգերի ապահովմանը, հանրային ներկայացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման մեխանիզմների ձևավորումն է, հարկային բեռի արդարացի ու համարժեք բաշխման ապահովումը, և բարեփոխումները պետք է իրականացվեն հենց այս տրամաբանության ներքո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






