ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ավելի վաղ հայտնված այն տեղեկատվությանը, թե ադրբեջանական կայքերը ապատեղեկատվություն են տարածել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ-ին՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ։ Լուրը թարգմանվել է պարսկերեն և ատրպատականյան թյուրքերեն ու ակտիվորեն տարածվել իրանական տիրույթում և սոցցանցային հարթակներում։
ՀՀ վարչապետը մասնավորապես նշել է․
«1․Հայալեզու կեղծ (ֆեյք) էջը կեղծ լուր է տարածում, թե ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար:
2. Այս լուրը արագ հայտնվում է ադրբեջանական մամուլում և դառնում օրվա թրենդ:
3. Ադրբեջանական մամուլից լուրը հայտնվում է իրանական մամուլում և դառնում որոշ ուժերի հակահայկական ներշնչանքի աղբյուր:
Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները և նրանց շարժառիթները պետք է պարզվեն»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






