Արցախյան հակամարտության կարգավորումը կարևոր տեղ է զբաղեցնելու ԵԱՀԿ նախագահության օրակարգում։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում իր ելույթում հայտարարել էԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռաման, ով միաժամանակ Ալբանիայի Եվրոպայի հարցերով և արտաքին գործերի նախարարն է։
Էդի Ռամայի խոսքով՝ ԵԱՀԿ-ն բազմիցս ապացուցել է, որ կարող է գործունեություն ծավալել հակամարտությունների և հակամարտություններից հետո ստեղծվող իրավիճակներում։
«Մինսկի խմբի համանախագահների ջանքերը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, Ժնևյան միջազգային բանավեճերը և դրանց հետ կապված մեխանիզմները, Մերձդնեստրյան գործընթացը նույնպես կարևոր տեղ կզբաղեցնեն նախագահության օրակարգում»,- նշել է Ռաման։
ԵԱՀԿ գործող նախագահը ներկայացերել է, այս տարվա գլխավոր անելիքները՝ առանձնացնելով գործունեության առաջնահերթություններ և նշելով, որ Եվրոպային սպառնացող հիմնական վտանգն Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտությունն է։
«Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտության կարգավորման հարցում չափազանց կարևոր է Հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) ուրույն ներդրումը՝ լարվածության թուլացման և խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման գործում»,- նշում է Ռաման։
Ռաման նշել է, որ Ալբանիայի նախագահությունն իր ներդրումը կունենա ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների հարգման և Մինսկյան համաձայնագրերի լրիվ կատարման գործում՝ աջակցելով Եռակողմ կոնտակտային խմբի ջանքերին և Նորմանդական ձևաչափի գործընթացին։
ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահության 2020 թվականի գլխավոր կարգախոսն է՝ «Միասին կատարելով մեր պարտավորությունները»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






