Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր՝ հունվարի 13-ին հանդիպել է Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ իր նպատակն է քաջալերել երկու երկրների փոխգործակցության ընդլայնումը, առկա ներուժի ու հնարավորությունների լիարժեք օգտագործումը:
Երկու երկրների նախագահներն առանձնահատուկ կարևորել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության ոլորտներում համագործակցության ընդլայնումը և փորձի փոխանակումը:
Նախագահները մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ասել է, որ իր երկիրն ակնկալում է Հայաստանի աջակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունների և շփումների դյուրացման, զբոսաշրջության խթանման կարևորության, Հայաստանի՝ որպես հետաքրքիր ու պատմամշակութային առումով հարուստ զբոսաշրջային ուղղության մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






