Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպել է Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ, ով նույնպես մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային ֆորումին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Երկու երկրների նախագահները նշել են, որ Հայաստանը և Ռուանդան ունեն բազմաթիվ ընդհանրություններ, նույնանման պատմություն ու խնդիրներ, երկուսն էլ ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ են, երկուսն էլ փոքր են, բայց ուժեղ, ունեն բազմաթիվ առավելություններ, որոնք կարող են վերածել հաջողության, ունեն համընկնող հետաքրքրություններ:
Արմեն Սարգսյանն ու Փոլ Կագամեն քննարկել են հաջողակ փոքր երկրների առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունը և անդրադարձել են երկկողմ համագործակցության ուղղություններին։
Արմեն Սարգսյանը նշել է, որ փոխգործակցության խոստումնալից ուղղություն կարող է լինել էլեկտրոնային կառավարման ոլորտը, որը Ռուանդայում բավականին զարգացած է և կարևորել այս ոլորտում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Երկկողմ համագործակցության համար հեռանկարային են համարվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության, ստեղծագործ կրթության, գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտները, ուսանողների փոխանակման ծրագրերի նախաձեռնումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






