Այսօր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտին. այս մասին տեղեկատվություն է հրապարակվել ԱԻՆ-ի պաշտոնական կայքում:
Հանդիպման ժամանակ Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է այն փաստը, որ արտակարգ իրավիճակների բնագավառին առնչվող հայ-ֆրանսիական հարաբերությունները խորացնելու վերաբերյալ համաձայնագիր է նախապատրաստվում:
Երկու կողմերն էլ խոսել են արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության մասին՝ փաստելով, որ այն սկիզբ է առել դեռևս Սպիտակի երկրաշարժի օրերին:
Զրույցի ընթացքում նախարարը նաև հայտնեց, որ առաջիկայում մրցույթ է հայտարարվելու 8 և ավելի հարկեր ունեցող շենքերի սպասարկման համար հրշեջ-փրկարարական մեքենաներ ձեռք բերելու համար, և դեսպանին խնդրեց առաջարկել Ֆրանսիական կազմակերպություններին ևս մասնակցել մրցույթին:
Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նշեց, որ Հայաստանում ապրում է 650 հոգանոց ֆրանսիական համայնք, և նրանց կյանքի, առողջության և գույքի պահպանման հարցերը մշտապես ՀՀ-ում Ֆրանսիական դեսպանության ուշադրության ներքո են:
Նշենք, որ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակներում, 2014 թվականին «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը ԱԻՆ-ին է տրամադրել մոտ 250.000 եվրո արժողությամբ գույք և տեխնիկա:
Հատկապես սերտ է համագործակցությունը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ. Ակադեմիայի և Ֆրանսիայի Հանրապետության Մարդկանց, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության խթանման ասոցիացիայի միջև 2019 թվականին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որն ուղղված է դասավանդման ծրագրերի և մեթոդների պատրաստության, զարգացման, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին առաջին բուժօգնության դասընթացի վերապատրաստման, ինչպես նաև կրթական ու տեխնիկական տեղեկատվության փոխանակմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






