ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Աբու Դաբիում «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դիմելով երիտասարդներին՝ Արմեն Սարգսյանը խոսել է ժամանակի կարևորության մասին և նշել, որ իր համար այս ամենը ճանապարհորդություն է ժամանակի միջով, ճանապարհորդություն դեպի ապագա, քանի որ մի օր, գուցե այսօրվանից հիսուն տարի անց, ներկաներից մեկը կանգնած է լինելու այստեղ և պատմելու է մյուս սերնդին կյանքի իր փորձառության մասին, ներկայացնելու է իր մտորումներն ապագայի մասին՝ ընդգծելով, որ ժամանակը կյանքի մեծագույն արժեքներից մեկն է։
«Ամեն րոպե փոփոխվող աշխարհում կայունությունը ենթադրում է զարգացում։ Այսօր կայունությունը նշանակում է ունենալ ավելի շատ հնարավորություններ։ Եվ պետք է օգտվել դրանից։ Այսօր, եթե դու պայծառ միտք ունես, խելացի ես, սովորում ես արագ, հաճախում ես համալսարան, ակտիվ ես, ունես տեսլական, դու ունես մեծ հնարավորություններ, քանի որ հաջողության տարիքն ավելի ու ավելի է երիտասարդանում»,- ընդգծել է ՀՀ նախագահը։
Նախագահ Սարգսյանը միաժամանակ արձանագրել է, որ աշխարհը փոխվում է, սակայն մարդկային արժեքների տեսանկյունից այն քիչ թե շատ նույնն է։
«Մենք չպետք է վախենանք այդ փոփոխություններից։ Ամեն բան շատ ավելի արագ է փոխվելու, փոխվելու է ամեն օր»,- ընդգծել է նախագահը։
Արմեն Սարգսյանը նշել է, որ չպետք է վախենալ տեխնոլոգիաներից և հավելել․
«Միակ բանը, որից պետք է վախենանք, հենց մենք ենք, քանի որ մենք կարող ենք օգտագործել միջուկային էներգիան ինչպես հօգուտ, այնպես էլ՝ ի վնաս։ Մենք կարող ենք ցանկացած հիանալի գաղափար օգտագործել հօգուտ կամ ի վնաս։ Ուստի իմ ուղերձը ձեզ մեկն է՝ ամենակարևոր արժեքը ձեր մարդկային արժեքներն են, ձեր բարոյականությունն ու ձեր մարդկությունը։ Չվախենաք ոչնչից»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






