Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:04

Ի՞նչ են գրում թերթերը․ Armenia Today-ն առանձնացրել է թերթերի առավել ուշագրավ հրապարակումները

Ի՞նչ են գրում թերթերը․ Armenia Today-ն առանձնացրել է թերթերի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Հրապարակ» թերթի աղբյուրն ասել է, որ Քոչարյանի գործով առաջիկայում անակնկալ է սպասվում։

ՍԴ-ն Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԵԴ-ին դիմել է անձեռնմխելիության և 300.1 հոդվածի խնդրով։ «ՄԻԵԴ-ում գործընթացը երկար է տևում, ՀՀ դատախազությունից, փաստաբաններից պետք է կարծիքներ ստանան, նոր պատասխանեն։ Որոշումը կլինի մարտի 23-24-ի միջակայքում, ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, ապա այնտեղից պատասխանը կգա մինչև փետրվարի վերջ»,- ասել է թերթի աղբյուրը:

2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Մայր Աթոռի հարցը ձգձգվում է, Սորոսի հիմնադրամինը՝ ոչ։

Թերթը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարումից ի վեր չի մասնակցել Էջմիածնի Մայր տաճարում Սուրբծննդյան պատարագին, քանի որ Էջմիածնի տաճարը տևական ժամանակ է՝ վերանորոգման մեջ է, հիմա աշխատանքները կաթվածահար են, քանի որ կառավարությունը ձգձգում է որպես մշակութային օբյեկտ, տաճարում կատարվող աշխատանքները բարեգործական ճանաչելու և հարկերից ազատելու մասին որոշումը։

Թերթը հիշեցնում է, որ նախօրեին հայտնի դարձավ, որ 2019-ի մարտին Տիգրան Ավինյանի ղեկավարած հանձնաժողովը սիրահոժար «բարեգործական» էր ճանաչել Սորոսի հիմնադրամի բոլոր ծրագրերը՝ 3 միլիոն դոլարից ավելի, և հարկերից ազատել նրա հետ համագործակցող կազմակերպություններին, այդ թվում՝ նաև լրատվամիջոցների։

3․«Հրապարակ» թերթը գրում է, որ Նալբանդյան փողոցում՝ վարչապետի լուսամուտի տակ կայանած հնամաշ «Վոլգան» կարելի է համարել ապրիլյան հեղափոխության խորհրդանիշը։ Այն 2018-ի ապրիլին ճանապարհ էր փակում և «վաստակել» է խախտումով կայանելու իր իրավունքը, իսկ ՃՈ-ն աչք է փակում դրա վրա։ Մեքենայի ապակիներին ՀՀԿ-ականների նկարներ են՝ վրաները խաչ քաշած ու գրած՝ «ազգի դավաճան»։

4․«Հրապարակ» թերթին հայտնի է դարձել, որ ՀՔԾ քննիչ Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Հրայր Թովմասյանի բնակարանի, աշխատասենյակի և հայրական տան խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ։ Սակայն դատավորը մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ, հաշվի առնելով Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի բնույթն ու էությունը, անհնար է, որ վերջինիս բնակարանում, աշխատասենյակում կամ հայրական տանը գտնվի ենթադրյալ հանցագործության վերաբերյալ որևէ ապացույց։ Այդ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերել դատախազ Արթուր Դավթյանը, սակայն վերաքննիչը նույնպես մերժել է բողոքը՝ տեղի չտալով Բարձրագույն դատական խորհրդի ճնշումներին։

Այս մերժումներից հետո ԲԴԽ որոշ անդամներ ժողով են արել և որոշել Հրայր Թովմասյանի վերաբերյալ միջնորդությունները և բողոքները գործերի բաշխման համակարգչային համակարգ մուտքագրել այնպես, որ դրանք մակագրվեն առաջին ատյանի դատարանի առավել վստահելի և հոգեբանորեն «կայուն» 6 դատավորներից մեկին՝ «Հաց բերողին» կալանքի տակ պահած Արթուր Մկրտչյանին, ԱԱԾ կոռուպցիայի դեպարտամենտի պետ Միքայել Հարությունյանի մանկության ընկեր Մեսրոպ Մակյանին, Երևանի քննչական վարչության պետի եղբայր Կարեն Ֆարխոյանին, Գևորգ Կոստանյանի կալանքը բավարարած Մարինե Մելքոնյանին, ինչպես նաև Կենտրոն դատարանի հանրահայտ զույգին՝ Մնացական Մարտիրոսյան և Գագիկ Պողոսյան: Այսինքն, այն դատավորներին, որոնք վերջին 20 տարում իշխանությանը հակառակ ակտեր չեն կայացրել։

5․ 168 ժամ․ «Որտեղ է թաքնված շան գլուխը»

Թերթի հոդվածում նշվում է, որ երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, փոխեց գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորում խափանման միջոցը։

Այս առերևույթ սովորական դատավարական գործողությունը միգուցե այդպես էլ մնար սովորականության նույն տիրույթում, եթե չունենար անսովոր նախապատմություն։

․․․Նույն դատավորի կողմից Գրիգորյանի փաստաբանների ներկայացված մեկ տասնյակից ավելի միջնորդությունները որևէ անգամ չեն բավարարվել։ Բայց արի ու տես, որ նույն դատավորը, նույն հիմքով և կարծես թե կրկնվող բովանդակությամբ այսօրվա միջնորդությունը բավարարեց հաշված ժամերի ընթացքում։

Ինչո՞ւ, որովհետև միջնորդությունը ներկայացնում էր դատախազությո՞ւնը, թե՞ Գրիգորյանի մեղավորության կանխավարկածն անսասան պահելու համար ականջահաճո է անպայման մեղադրող կողմի միջնորդության բավարարման փաստը…

6․«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանը՝ մարզային մի շարք բուժկենտրոնների պետական ֆինանսավորումը դադարեցնելու, հետևաբար ծննդատների փաստացի փակելու ծրագրի մասին, ՀՀ կառավարության հավանությանը չի արժանացրել: Եվ զարմանալի չէ, նախարարի կողմից արդեն հայտարարված 3 առողջության կենտրոնների՝ Աչաջրի, Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի և Մարալիկի փակման վերաբերյալ որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց, ինչից հետո երկու մարզպետները հայտարարեցին, որ բուժկենտրոնները շարունակելու են գործել և ֆինանսավորում ստանալ մարզպետարանից: Այս պատմության մեջ ուշագրավն այն էր, որ 2 մարզպետներն էլ հայտարարեցին, որ դա քաղաքական որոշում է:

7․«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հեղափոխությունից հետո Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը փորձ է անում պայմանավորվածություններ ձեռք բերել գործող իշխանությունների հետ, փորձել նրանց հետ շփման եզրեր գտնել: Բանն այն է, որ վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է Գյումրի մեկնում, և նկատվում է, որ այդ այցերի ժամանակ հաճախ է կշտամբում կամ դիտողություն անում Բալասանյանին:

Օրաթերթի տեղեկություններով՝ Բալասանյանը կողմնակիցների թիմ է հավաքում, և այդ աշխատանքներում նրան օգնում է որդին` Միսակ Բալասանյանը: Նրանք փորձում են այնպիսի մարդկանց իրենց շուրջը հավաքել, որոնք կարող են բարեխոսել վարչապետի մոտ մի քանի կուսակցություն փոխած Բալասանյանին՝ քաղաքական փայլուն ապագա ապահովելու հարցում:

8․«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության, և հարցաքննվել է իր, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործով»:

Իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն՝ վարչապետին հարցաքննության հրավիրելու և նրա կողմից կոմիտեում հարցաքննվելու լուսանկար հրապարակելը ակնարկ է եղել գործով անցնող մյուս պաշտոնատար անձանց համար:

Մասնավորապես, եթե մյուս գերատեսչությունների պաշտոնատար անձանց այս կամ այն գործով հրավիրեն հարցաքննության,և վերջիններս հրաժարվեն գնալ, ապա վարչապետի հարցաքննության փաստը իրավապահները պետք է օգտագործեն որպես զենք՝ նշելով՝ եթե վարչապետը հարցաքննության է հրավիրվել և գնացել է ՀՀ քննչական կոմիտե, ապա մյուսները իրավունք չունեն հրաժարվել կամ չգնալ նախաքննական կամ հետաքննական մարմին՝ հարցաքննության կամ բացատրություն տալու»:

9․Փաստ» թերթը գրում է, որ գաղտնիք չէ, որ ներկա իշխանության դիրքերը թույլ ու խախուտ են հատկապես մարզերում. սա պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքների ղեկավարների հիմնական մասը նախկին իշխանությունների օրոք ընտրված ու նախկին իշխանության թիմի ներկայացուցիչներ են, մարզպետները մեծամասամբ թույլ են կամ պարզապես տեղերում հեղինակություն չվայելող, իսկ մեկուկես տարվա ընթացքում անցկացված ՏԻՄ բոլոր ընտրություններում իշխանական ուժը կա՛մ խայտառակ պարտություն է կրել, կա՛մ դրանից խուսափելու համար պարզապես չի մասնակցել։

10․«Փաստ» թերթը գրում է, որ վերջին երկու ամիսներին ռուսական քաղաքական շրջանակների կողմից պարբերաբար անդրադարձ է կատարվում Արցախի հարցի կարգավորման և բանակցային գործընթացներին։

Այս թեման տևական ժամանակ է, ինչ ռուսական փորձագիտական սեկտորի (Մարկեդոնով, Կոլերով, Տարասով) ուշադրության առանցքում է։

Ընդ որում, փորձը ցույց է տալիս, որ նման փորձագիտական շրջանակների կողմից որոշակի թեմաների հրապարակ նետելը երբեք պատահական չի արվում: Ավելին, որոշ ռուսական լրատվականներ («Ռեգնում», «Նոյև Կովչեգ», «Կովկազկի Ուզել» և այլն) լծված են Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացներում որոշակի «սլիվներ» տարածելու և խաղաղապահների թեման անընդհատ տարբեր առումներով «ռասկրուտկա» անելու գործին։

Ուշագրավ է, որ ռուսական շրջանակների այսպիսի ակտիվությունն առանձնապես Հայաստանի իշխանությունների կամ փորձագիտական շրջանակների արձագանքին չի արժանանում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+