«Սահմանադրական դատարանի թնջուկի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկն էլ սահմանադրական փոփոխություններ են»
Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է հունվարի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
Արարատ Միրզոյանը նշել է, որ վերջին 2-3 տարվա ընթացքում Հայաստանում անընդհատ խոսակցություններ եղել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, հավելելով, որ, այդ խոսակցությունների հիմքում ՍԴ հարցի լուծումը չէ։
«Թող ստեղծվի հանձնաժողովը, սկսվեն քննարկումները: Իշխանությունը չունի իր առջև դրած որևէ խնդիր` կոնկրետ փոխել այս կամ այն բանը»,– նշել է Միրզոյանը՝ վստահեցնելով, որ իշխանությունը բաց է քննարկումների համար։
Հիշեցնենք, որ 2019թ․ դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին։
Հիշեցնենք նաև, որ 2019թ. Դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ,ե թե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






