Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ արդեն 2020 թվականի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հերթական հանդիպումն անցկացնելու մտադրությունը։ Այս մասին ասվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, բոլոր կողմերին աջակցություն է ցուցաբերում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
«Այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հայտարարել են,և մենք կրկնում ենք, որ արդար և կայուն կարգավորումը պետք է հենվի Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք»,- ասված Է Բաքվում ԱՄՆ դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:
ԱՄՆ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարությանը, որն ընդունվել է Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում, որում կողմերին կոչ է արվում լրացուցիչ մարդասիրական միջոցներ ձեռնարկել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման համար: Հայտարարության մեջ ընդգծվում է ստատուս քվոյի պահպանման, ինչպես նաև հակամարտության ռազմական լուծման անթույլատրելիությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






