Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընթացող զարգացումներին և ընդգծել, որ մեր երկիրը կարևորում է բարեկամ Իրաքի, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը՝ հավելելով, որ երկու երկրների դինամիկ հարաբերությունների համատեքստում շարունակելու է ակտիվացնել ու խորացնել կապերը նաև անմիջականորեն Իրաքյան Քուրդիստանի հետ։
Նախագահ Սարգսյանը, որպես երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր գործոն, նշել է Իրաքյան Քուրդիստանում հայերի ներկայությունը, որոնք իրենց նպաստն են բերում հարաբերությունների զարգացմանը։
Երկկողմ համագործակցության հնարավոր ոլորտներ են դիտարկվել տեղեկատվական տեխնոլոգիաները, ստեղծագործ կրթությունը, զբոսաշրջությունը, էլեկտրոնային կառավարումը։ Նախագահը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է տրամադրել իր փորձը էլեկտրոնային կառավարման ոլորտում։
Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումից բացի որպես համագործակցության ոլորտ զրուցակիցները հեռանկարային են համարել բարձրագույն կրթությունը, այդ թվում՝ Հայաստանի համալսարաններում Իրաքից, մասնավորապես՝ Իրաքյան Քուրդիստանից ուսանողներին ուսանումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






