ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու հարցում ամենից շատ պետք է շահագրգիռ լինեն Կուտոյանի ընտանիքի անդամները և նրանք, պետք է համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ամբողջության բացահայտվի տեղի ունեցածը։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին։
Վարչապետն ևս մեկ անգամ երաշխավորեց, որ Կառավարությունը իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի այս և մնացած բոլոր գործերն ամբողջապես բացահայտվեն։
Նիկոլ Փաշինյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ աղմուկ են բարձրացրել, որ Կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Կուտոյանի մահվանը։
«Վարչապետին ենթական ԱԱԾ պատվո պահակախումբը մասնակցել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին և հուղարկավորության արարողությանը, ԱԱԾ ողջ անձնակազմը, ԱԽ քարտուղարը։ Լրտավամիջոցի հարցմանն ի պատասխան՝ ես նույնպես ցավակցություն եմ հայտնել»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչու՞ նման աղմուկ չբարձրացավ Հայկ Հարությունյանի շուրջ։
«Մեզ համար նրանք նախկին պաշտոնյաներ են եղել և պաշտոնավարել են առնվազն վիճահարույց շրջաններում։ Կարծում եմ՝ ամեն ինչ արվել է և անիմաստ եմ համարում նման քննարկումը»,- եզրափակեց վարչապետը։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






