«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շոու է կազմակերպել և հող է նախապատրաստում որոշակի գործընթացների համար։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Նրա խոսքով՝ 20 տարի շոու բիզնեսում է եղել ու շատ լավ կարողանում է տարբերել լավ ու վատ արված շոուն։ Ընթացիկ քառօրյան սկսվեց միջադեպից, որը ինքնաբուխ առաջացավ և արագ սպառեց իրեն, բայց այս միջադեպին հաջորդեց շատ բարձր մակարդակով կազմակերպված շոուն, որի նպատակներն ակնհայտ են բոլորի համար։
«Այսօր առավոտից հող է նախապատրաստվում ինչ-որ գործընթացների համար։ Խոսնակին մեղադրում են ոչ կոռեկտության, ոչ կոմպետենտության, խորհրդարանը կառավարելու անկարողության մեջ։ Ինչու։ Փորձում եմ հասկանալ նպատակը։ Այսօր ընդդիմությունը խոսում կամ ակնարկում է խորհրդարանը ցրելու մասին։ Այդ մասին բացահայտ խոսում է նաև ՀՀԿ-ն։ Ինչ է դա նշանակում։ Կարող եմ ենթադրել պայմանավորվածությունների կամ դավադրության առկայություն։ Ես լրիվ իրավունք ունեմ այդպես մտածել, հուսով եմ ՝ դուք կհերքեք», — հայտարարել է Բադալյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






