ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դեմ չէ Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, սակայն կարծում է, որ հարցը պետք է քննարկվի այն կառուցում, որը իրավական առումով լիազորված է դա անել։
Մակունցը շեշտել է` անհրաժեշտության դեպքում պատրաստ է ավագանու «Իմ քալը» խմբակցությանը խնդրել, որ օժանդակեն քննիչ հանձնաժողովի ստեղծմանը:
«Այստեղ հարցը ոչ թե քննիչ հանձնաժողով չստեղծելն է, այլ, որ հարցը հանրայնորեն քննարկվի այն կառուցում, որը իրավական առումով լիազորված է դա անել: Օրենքն այսօր ասում է, որ լուծումն ավագանու դաշտում է»,- ասաց Մակունցն` հավելելով, ավագանին դա կանի և ավագանու դաշտում նման քննիչ հանձնաժողով ստեղծելը կուժեղացնի հենց ավագանու ինստիտուտը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը երեկ՝ հունվարի 23-ին, կողմ՝ 39, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 0 ձայնով չընդունեց Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցությունը չառաջադրեց թեկնածուներ հանձնաժողովի կազմի համար և չքվեարկեց կազմը հաստատելու նախագծին։
Քննիչ հանձնաժողովի նպատակն էր 2018 թվականի դեկտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցումների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման՝ գույքային, ոչ գույքային իրավունքների շինարարական թույլտվությունների արտոնությունների տրամադրման իրավաչափությունը, կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






