ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանը ողջունել է Երևանի ավագանու անդամների ու հատկապես «Իմ քայլը» խմբակցության երեկվա դատապարտող դիրքորոշումը և խմբակցության այսօրվա նիստի հրավիրման փաստը՝ կապված ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքի հետ։ Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակի Ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
«Հատուկ կարևորում եմ Ազգային ժողովի պատգամավորների ու հատկապես «Իմ քայլը» խմբակցության անդամների դատապարտող հայտարարություններն այդ արարքի առնչությամբ։
Հարկ եմ համարում կրկին արձանագրել, որ անձնական ու ընտանեկան կյանքը թիրախավորելը խիստ մերժելի երևույթ է, առավել ևս եթե հարցը վերաբերում է երեխաների՝ անկախ նրանից խոսքը պաշտոնյայի ընտանիքի մասին է, թե՝ ոչ»,- ասված է ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակի գրառման մեջ։
Արման Թաթոյանը նշել է, որ նույնը հավասարապես վերաբերում է ՀՀ վարչապետի դստեր նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած վիրավորանքներին ու ատելության խոսքի դրսևորումներին։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանն իր ֆեյսբուքյան էջի «սթորի» բաժնում հրապարակել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջն ու գրել. «Ժողովուրդ, սա Հրայր Թովմասյանի աղջկա էջն է, դե՝ ձեզ տեսնեմ»:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստ էր գումարել և որոշվել էր, որ Հենրիկ Հարթենյանի լիազորությունները կդադարեցվեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






