Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ հունվարի 27-ին, ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Նորին Սրբությունը Ռուբեն Վարդանյանին մաղթել է, որ Աստված զորավիգ լինի նրան և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին՝ արդարադատության հաստատման դժվարին առաքելությունն իրականացնելու գործում: Հայոց Հովվապետը նշել է, որ բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի, երկրի վրա արդարադատության հաստատման, և այդ համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն իր կարևոր դերակատարությունն ունի:
Վարդազարյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, առաջադրված նպատակները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ժողովրդավար պետություն կառուցելու ճանապարհին արդար դատավորների և անաչառ, անկախ դատական համակարգ ունենալու կարևորությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






