Լրագրությունը չի կարող լուռ լինել, դա է լրագրության ամենամեծ առաքինությունն ու ամենամեծ մեղքը: Լրագրությունը պետք է խոսի և խոսի անմիջապես, երբ զարմանքի արձագանքները, հաղթանակի պնդումները և սարսափի նշանները դեռ օդում են: Այս մասին ԵԽԽՎ Խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
«Այս բառերը պատկանում են ամերիկացի լրագրող և դիվանագետ Հենրի Անատոլի Գրանվոլդին: Այո, լրագրությունը կոչված է ասելու ճշմարտությունը, սակայն, ցավոք, մեր օրերում Եվրոպայի Խորհրդի անդամ բազմաթիվ երկրներում այն լրագրողները, որոնք համարձակվում են խոսել ճշմարտության մասին, հարկադրված են առերեսվել սպառնալիքների հետ, նրանք ձերբակալվում են և հետապնդվում»,- նշել է Հայրապետյանը։
ՀՀ ԱԺ պատգամավորն ընդգծել է, որ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Համացանցի ազատության «Սոցիալական մեդիայի ճգնաժամը» վերտառությամբ զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանը դասվում է «ազատ» երկրների շարքին՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:
Խոսելով հարևան երկրներում մասնավորապես՝ Ադրբեջանում և Թուրքիայում բազմաթիվ խնդիրների մասին, որոնց առչնվում են լրագրողները՝ Տաթևիկ Հայրապետյանը նշել է, որ Ադրբեջանում Խադիջա Իսմայիլովայի, Աֆղան Մուխթարլիի, Մեհման Հուսեյնովի հետ կապված դեպքերը հստակ ցույց են տալիս, թե ինչպես է իշխող կուսակցությունը վերաբերվում քննադատող մամուլին և որքան վտանգավոր է տալ հարցեր և իրականացնել հետաքննություններ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի կոռումպացված իրականությունը:
«Իհարկե, մենք չենք կարող լռել և անտարբեր մնալ այս դեպքերի վերաբերյալ: Մի կողմից, մենք գործ ունենք մարդու իրավունքների, մյուս կողմից՝ մամուլի ազատության հետ: Հույս ունեմ՝ որպես ԵԽԽՎ անդամներ մենք կանենք հնարավոր առավելագույնը որպեսզի հանդիսանանք մամուլի ազատության երաշխավորներ, մենք պետք է «պահապան շան» («watchdog») դեր ստանձնենք անդամ երկրների հանդեպ և ձեռնարկենք համապատասխան քայլերը՝ կանխելու լրագրողների նկատմամբ հետապնդումները: Այսպիսով, կամ մենք բարձաձայնում ենք այսօր առկա խնդրի մասին և անում առավելագույնը դադարեցնելու այս միտումը ընդդեմ լրագրողական ազատության կամ մենք հարկադրված ենք լինելու տեսնել նման դեպքերի կրկնություն ապագայում: Մենք արդեն ընտրել ենք առաջին ճանապարհը և պետք է հավատարիմ մնանք դրան»,- նշել է պատգամավորը։
ԵԽԽՎ-ում նաև բանաձև է ընդունվել «Եվրոպայում լրագրողների և լրատվամիջոցների ազատությանը սպառնացող վտանգների» մասին։ Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունը պարտավոր է անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ բռնաճնշումները, երաշխավորել խոսքի ազատությունն ու գործնական քայլեր ձեռնարկել այս ոլորտում Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորություններն իրագործելու համար:
Փաստաթուղթում ասվում է, որ Ադրբեջանն անկախ լրագրողների համար ամենաթշնամական երկրների շարքում է. անցած տարիներին այդ երկրում 20-ից ավելի լրագրող քրեական հետապնդման է ենթարկվել, նրանցից մի քանիսը դեռ մնում են ճաղերի հետևում: Զեկույցում նշվում է, որ սրա ֆոնին Ադրբեջանը անվճար բնակարաններ է տրամադրում իշխանամետ ավելի քան 400 լրագրողի, ինչը «կոռուպցիայի ակնհայտ դրսևորում է»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






