Ներկայացել եմ, իմ ունեցած տեղեկությունները տվել եմ հանձնաժողովին․ շուրջ 3,5 ժամ տևած ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնժողովի փակ նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ այսքան լարված, բայց համատեղ քննարկման, հաճելի աշխատանքի տպավորություն չէր ստացել վաղուց։
Օհանյանն ընդգծել է, որ մասնավորապես քննարկվել են ապրիլյան պատերազմի ժամանակ եղած թերություններն ու բացթողումները, իսկ այժմ պետք է թողնել, որ հանձնաժողովն աշխատի։
«Ասացեք խնդրեմ մի աշխատող մարդու, որը սխալներ թույլ չի տալիս: Պաշտպանության նախարարությունում իմ երկարատև աշխատանքի ընթացքում ես ասել եմ, որ սխալներ ունենալը և դրանք վերացնելը մեծ թերություն չէ, իսկ ունենալն ու չվերացնելը՝ նման է մարտի դաշտում զորքն անտեր թողնելուն», — ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանը համաձայն է եղել Արցախի յոթ շրջանների հանձնմանը, Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ։
«Նախկինում ես ասել եմ՝ յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պետք է պայքարենք, և այսօր զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ: Տարածքների հանձնման վերաբերյալ ինձ հետ երբևիցե ոչ մեկ խոսակցություն չի ունեցել», — ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






