Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանդիսավորությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին փոխանցեց Ստոլիպինի անվան առաջին աստիճանի մեդալը:
«Ինձ համար մեծ պատիվ է Ռուսաստանի անունից ձեզ փոխանցել Ստոլիպինի անվան առաջին աստիճանի մեդալը: Համոզված եմ, որ այս սրահում անհրաժեշտություն չկա ձեզ ներկայացնելու: Դուք ղեկավարել եք Հայաստանի կառավարությունը դժվարին շրջանում, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամ էր, կարողացաք իրականացնել մի շարք տնտեսական բարեփոխումներ, կյանքի կոչել արդյունավետ հակաճգնաժամային միջոցառումներ»,- ասել է Միխայիլ Միշուստինը։
ՌԴ վարչապետի խոսքով՝ բոլորը գնահատում են Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները և այն ամենը, ինչ Սարգսյանը արել է ռուս-հայկական համագործակցության զարգացման, ամրապնդման, ժողովուրդների հետագա մերձեցման համար։
«Կոլեգիայի նախագահի պաշտոնում ձեր գործընկերների հետ հաջողությամբ եք կատարել ձեր առջև դրված խնդիրները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ մեծ աշխատանքի համար և, օգտվելով առիթից, շնորհավորել նաև ծննդյան օրվա առթիվ, որը նշել եք օրեր առաջ: Նորանոր հաջողություններ եմ մաղթում»,-նշել է նա։
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել և նշել, որ այդ խոսքերն ընդունում է որպես ոչ միայն իր անձնական, այլ ամբողջ կոլեգիայի անձնակազմի աշխատանքի գնահատանք:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հունվարի 31-ին կլքի պաշտոնը, սակայն կպահպանի բարձր մակարդակի միջազգային պաշտոնյայի կարգավիճակը՝ ղեկավարելով Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






