Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նորանշանակ նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միշուստինին ` Ռուսաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում նշանակվելու առիթով:
«Իհարկե, մեր կառավարությունների և երկրների միջև միշտ եղել և լինելու են լավ ու ջերմ հարաբերություններ, բայց ես կարծում եմ, որ մենք միշտ հնարավորություն ունենք՝ նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները: Ձեզ հետ համագործակցությամբ մենք կարողանալու ենք դա անել»,-նշել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ մեր պետությունների միջև հարաբերությունները զարգանում են ըստ պլանավորածի՝ շատ լավ:
«Հայաստանում մեզ հաջողվել է 2019-ին կառուցել տնտեսական բավական լավ դինամիկա, այսօր արդեն հրապարակվել են թվերը. մենք 2019 թ. ունենալու ենք 8 տոկոսին մոտ տնտեսական աճ՝ նաև Ռուսաստանի Դաշնության հետ մեր համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործակցության շնորհիվ»,-ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Իր հերթին Միխայիլ Միշուստինը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապում են շատ սերտ և գործընկերային, դաշնակցային հարաբերությունները:
«Մենք համագործակցում ենք էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, մշակութային- հումանիտար ոլորտներում: ՌԴ նոր կառավարությունը տրամադրված է մեր կառուցողական հարաբերությունների, մեր հայ գործընկերների հետ շփումների շարունակմանը, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը համանախագահում է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը: Դուք խոսեցիք մեր ապրանքաշրջանառության և առևտրի մասին. Ռուսաստանը Հայաստանի գլխավոր արտաքին տնտեսական գործընկերն է: 2018թ. երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով: Ցանկանում եմ նշել, որ պետք է ամրապնդել այդ դրական միտումը, գտնել գործընկերության նոր ոլորտներ: Հույս ունեմ այսօր քննարկել երկկողմ հարցերի ողջ շրջանակը»,-ընդգծել է նա:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ենթակառուցվածքների, էներգետիկայի, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում համատեղ ներդրումային ծրագրերի
իրականացման հնարավորություններին վերաբերող հարցերի: Միխայիլ Միշուստինն ընդգծել է, որ ռուսական կողմը շահագրգռված է առաջիկայում քննարկել ՏՏ ոլորտում կոնկրետ ծրագրերի իրականացման հեռանկարները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






