ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի փետրվարի 1-ի՝ «Մաքսակետի զուգարանները փակ են. երբ ՊԵԿ-ի համար վարչապետի հորդորները ոչինչ են» հոդվածին։
ՀՀ ՊԵԿ-ը նշում է, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը հերյուրանք է և դրանում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
ՀՀ ՊԵԿ-ը հայտնում է, որ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի սանհանգույցները գործում են և ապահովված են մշտական աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:
«Սանհանգույցների նկատմամբ խիստ հսկողություն է իրականացվում, իսկ հնարավոր խնդիրների դեպքում դրանք ժամանակավորապես զմռսվում են և անհապաղ կարգաբերվում: Հարկ ենք համարում ընդգծել, որ այս պահի դրությամբ մաքսակետի բոլոր 12 սանհանգույցներն աշխատում են: Դրանցից միայն մեկը կարճ ժամանակահատվածով փակ է եղել ընթացիկ նորոգման նպատակով: Մեր գործընկերներին հորդորում ենք տարածել միայն օբյեկտիվ, հավաստի և ճշտված տեղեկատվություն: Թեմայի հետ կապված հնարավոր շահարկումները բացառելու նպատակով կից ներկայացնում ենք քիչ առաջ ստացված լուսանկարներ, որոնք փաստում են Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի բոլոր 12 սանհանգույցների բնականոն աշխատանքի մասին»,- ասված է ՊԵԿ հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






