Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կարևորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր:Նախագահ Սարգսյանը ողջունել է վարչապետին իր նստավայրում, կարևորելով հանդիպումների պարբերական բնույթն ու քննարկումները՝ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վերաբերյալ։
Վարչապետն ընդգծել է, որ սա ըստ էության, 2020 թվականի առաջին աշխատանքային հանդիպումն է։
«Ուրախ եմ նաև արձանագրել, որ 2019 թվականը հաջող տարի ստացվեց Հայաստանի Հանրապետության համար»,-նշել է
Փաշինյանը՝ հավելելով, որ քննարկումների առանցքում միշտ եղել է այն, որ պետք է ավելի ու ավելի շատ կարևորենք մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների թեման և հիմնադրենք ու ներդնենք ռազմավարական կառավարման տրամաբանությունը:
«Կարծում եմ, որ 2020 թվականին հենց այդպիսի մի փուլ ենք թևակոխում, և մեր երկրում ինստիտուտների կայացումը, հակակշիռների և փոխզսպումների համակարգի ներդրումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում է»,-նշել է Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ նախագահն արձագանքել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, և հույս հայտնել, որ կքննարկեն նաև դրա հետ կապված խնդիրը, մտքեր կփոխանակենք:
«Միանշանակ կիսում եմ Ձեր այն տեսակետը, որ մենք այդ հարցին պետք է մոտենանք հենց երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ, մեր երկրի ազգային և պետական շահերի տրամաբանությամբ, հակակշիռների և փոխզսպումների ճշգրիտ և աշխատող համակարգ ունենալու տրամաբանությամբ, որովհետև միայն այդ պարագայում է, որ մենք կունենանք անշրջելի ժողովրդավարություն, անշրջելի օրենքի գերակայություն՝ սրանից բխող հետևանքներով, և, իհարկե, անշրջելի Սահմանադրական իրականություն, որը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և մեր աշխատանքային քննարկումների առանցքում»,-նշել է նա:
Արմեն Սարգսյանը կարևորել է այդ քննարկումը, քանի որ ըստ նախագահի, խոսում ենք երկարաժամկետ, կայուն զարգացման մասին, առանց մեր ինստիտուտների կայացման դա հնարավոր չի լինի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






