ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր անդրադարձել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի արած հայտարարությանը։
Քոչարյանը Գևորգ Կոստանյանին կոչ է արել շուտ վերադառնալ հայրենիք և պատասխանել նախաքննական մարմնի հարցերին։
Լրագրողի այն հարցին, որ Գևորգ Կոստանյանը պայման է դրել, որ միայն հրապարակային հանդիպման է պատրաստ՝ Քոչարյանը նշեց․ «Ծիծաղելի է, չէ՞, կարմիր դիպլոմով ավարտած նախկին դատախազը, պարզվում է, չգիտի ՀՀ օրենքները։ Ինքը պետք է գա և ներկայանա նախաքննական մարմնին։ Վստահաբար ձեզ ասում եմ, Գևորգ Կոստանյանը շատ հարցերի դեռ պետք է պատասխանի, ես դա ասում եմ «Մարտի 1»–ի փաստահավաք խմբի շատ առանցքային խմբի անդամներից մեկը լինելով»։
ԱԺ պատգամավորն ընդգծեց, որ Կոստանյանը մեղադրյալ է, թող շարժվի իր մեղադրյալ լինելու կարգավիճակից ելնելով և նրա փաստաբանական թիմն իրացնի այն հնարավորությունները, որը ՀՀ օրենսդրությամբ տրված է ցանկացած ՀՀ քաղաքացու։
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:
Ավելի վաղ հայտնել էինք , որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ պատրաստ է վաղն ևեթ վերադառնալ և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին:
Հայտարարությունից հետո ՀՔԾ-ն նույնպես տարածեց հայտարարություն, թե Կոստանյանն այդ կերպ պատրվակ է ստեղծում խուսափելու պատասխանատվությունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






