ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից բնականաբար, տարրական կուլտուրայի և տարրական էթիկայի բոլոր սկզբունքները խախտված են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը՝ «ոտքերը Ոստիկանության վրա սրբելու մասին»։
Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ բնականաբար Ոստիկանությունը նույն ձևով իրեն չի կարող թույլ տալ պատասխանել, որովհետև Ոստիկանությունը իր գործառույթներում սահմանափակված է օրենքով։
«Անպատասխանատու հայտարարություն է, դրա պատասխանը նա այլ ձևով կզգա ոչ միայն իր շորերի, այլև՝ իր մարմնի վրա»,- եզրափակեց Անվտագության խորհրդի քարտուղարը։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը քրեական ոստիկանության ուժերի կողմից ապօրինի զենք-զինամթերք պահելու ու կրելու կասկածանքով բերման էր ենթարկվել և երեք ժամ անց ազատ արձակվել։
Ոստիկանության շենքից դուրս գալուց հետո էլ լրագրողների հետ զրույցում արել էր վերոնշյալ հայտարարությունը․ «Ամոթ չէ ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ մի գեղեցիկ օր պառկացնելու ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ լինելու է»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






