Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Իտալիայի դեսպանի հետ քննարկվել են նախագահ Արմեն Սարգսյանի՝ այս տարվա սեպտեմբեր ամսին Իտալիայի Հանրապետություն նախատեսվող պետական այցին առնչվող հարցեր:
ՀՀ-ում շվեդիայի դեսպանը հանդիպման ժամանակ նշել է, որ 2019 թվականը արդյունավետ տարի էր հայ-շվեդական հարաբերությունների զարգացման տեսանկյունից. այս ընթացքում տեղի են ունեցել տարբեր մակարդակի փոխայցելություններ, երկու երկրների համագործակցությունը նոր որակ է ստացել:
Հանրապետության նախագահը կարևորել է արձանագրված առաջընթացը և նշել, որ փոխշահավետ գործակցության լայն հնարավորություններ կան նաև նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, սննդի անվտանգության և զբոսաշրջության ոլորտներում:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Շվեդիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ:
Երկուստեք կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների կայացումն ու ամրապնդումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






