«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստում «Սահմանադրական փոփոխությունների» նախագծի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթին, նշել է. «Սա ճանապարհ չի, տարբերակ չի, այս մոտեցումները մեզ վատ տեղ են տանում։
Բազմաթիվ մտահոգություններ ես արտահայտում եմ ուղղակի շփումներում, ասում եմ՝ եղբայրներ, քույրեր, այստեղ խնդիրներ կան, պարզապես մեզ լսող չկա։ Շատ մտահոգված եմ ձեր ելույթով։ Այն մոտեցումները, որոնք հռչակվեցին այստեղից, մեզ լավ տեղ չեն տանի։ Կարող ենք դիտարկել որպես էմոցիանալ ելույթ, անցնել առաջ, սակայն չենք կարող այդպես անել, որովհետև դուք ձեր տեղում նստած հաստատում եք՝ այո, հենց այդպես է լինելու։ Ես էլ ասում եմ՝ ոչ ոք ՀՀ քաղաքացուն չի կարող հռչակել ազգի հակապետական ուժ, ուզում է 90 տոկոս ձայն ստանաք, ոչ ոք»,-ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ անգամ մի մարդ էլ համաձայն չլինի, ինքը պատրաստ է այդ մարդու կողքը կանգնելու։
«Ոչ ոք չփորձվի այստեղ պոլիտբյուրո դարձնել, սա չի դառնալու պոլիտբյուրո։ Սուպերվարչապետական համակարգը, փաստորեն, մեր երազած համակարգն էր, ՍԴ-ն էր, որ մեր երազածը չէր, այդ էլ պետք է փոխենք։ ԼՀԿ-ն դեմ կքվեարկի հանրաքվեի մասին որոշման նախագծին և իր ապագա գործողությունները կքննարկի տարածքային ստորաբաժանումների հետ և այնպես, ինչպես կորոշեն ՀՀ ոչ պակաս հպարտ քաղաքացիները, ովքեր համաձայն չեն ինչ-որ քայլերի հետ, այդպես էլ կուսակցությունը կվարվի։ Եվ ոչ ոք չի կարող մեզ անեծքներով շանտաժի ենթարկել»,-ընդգծել է ԼՀ խմբակցության ղեկավարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






