ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Միխայիլ Մյասնիկովիչին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան հետագա աշխատանքներում:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար կարևոր կազմակերպություն է։
Միխայիլ Մյասնիկովիչը բարձր է գնահատել Հայաստանի հետ ձևավորված հարաբերությունները: Ընդգծելով Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանի բարձր հեղինակությունը կազմակերպությունում՝ նա քննարկել է ԵԱՏՄ ներսում և միջազգային հարթակներում կառույցի առջև ծառացած մի շարք հարցերի լուծման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի աջակցության հնարավորությունը:
Զրուցակիցները խոսել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում օրենսդրական դաշտի ներդաշնակեցման մասին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը հայտնել է, որ մշակվում է ԵԱՏՄ-ի ռազմավարության նախագիծ, և շատ ուրախ կլինեն, եթե այն աջակցություն ստանա նաև խորհրդարանական մակարդակում: Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ, հաշվի առնելով հայկական խորհրդարանականների հեղինակությունը միջազգային հարթակներում, խնդրում է մեր խորհրդարանականների աջակցությունը համապատասխան առաջարկների դեպքում:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված և բաց է բոլոր ուղղություններով համագործակցության համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






