«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի դիմի Սահմանադրական դատարան՝ հանրաքվեի որոշումը սահմանադրականություն պարզելու համար՝ համապատասխան թվով ստորագրությունների բացակայության պատճառով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանն ասաց, որ Տարոն Սիմոնյանի հետ պատրաստ էին այդ դիմումը դատարանում ներկայացնել, բայց համապատասխան թվով ստորագրություններ ԼՀԿ-ն չունի, հետևաբար այդ հարցը փակված է։
ԼՀԿ ղեկավարն ընդգծեց, որ իրենք բազմիցս պնդել են, որ Սահմանադրությունը պիտի փոխվի, մինչդեռ իրենց առաջարկները մշտապես մերժվել են:
«Այսօր մեր ժողովրդին հանրաքվեի ենք ուղարկում և ուղարկում ենք մեկ հոդված փոխելու: Այսինքն՝ իշխանությունը համակերպվել է և վայելում է Սերժ Սարգսյանի ժառանգած համակարգը, բայց իշխանությունը համաձայն չէ, որ Հրայր Թովմասյանն այստեղ աշխատի», — նշեց ԱԺ պատգամավորը։
Անդրադառնալով «ոչ»-ի ճամբարների՝ ստեղծմանը՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ իշխանությունն ակնկալում է՝ «ոչ»-ի ճամբար լինի, որպեսզի այդ ճամբարներին ոչնչացնի:
«Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ հակասահմանադրական հանրաքվեի հակասահմանդրական պրոցեսի մեջ չպիտի լինի հակառակ ճամբար, պիտի լինի միայն «այո»-ի ճամբար, որովհետև իշխանությանը պետք է, որ ինչ-որ մարդիկ «ոչ»-ի քարոզչություն անեն», — ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ «ոչ»-ի որևէ ճակատ ձևավորելը նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն։
«Հետևաբար մենք որևէ ճամբարում մեզ չենք տեսնում: Մեր գործիքակազմը օգտագործել ենք և պատրաստ ենք դիմել ՍԴ, եթե լինեն համապատասխան թվով ստորագրություններ»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






