«Եթե մենք մեքենա վառող լինենինք, առնվազն մինչև հիմա ու՞մ մեքենան ենք վառել, բայց ավելին ասեմ՝ մեքենա վառող լինեինք մեզ հետ այդպես չէին խոսի։Եղել են ժամանակներ և եղել են մեքենա վառողներ, շքամուտքում կրակող-սպանողներ և այդ նույն մարդիկ երբեք այդ մարդկանց հետ նման տոնով չեն խոսել, որովհետև իմացել են՝ դրան իսկապես կարող է հաջորդել մեքենա վառելը կամ ավելի համոզիչ մեթոդներ»։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին։
Կառավարության ղեկավարը նշեց, որ ուրախ է, որ նման տոնայնությամբ խոսակցություններ Կառավարությունում տեղի են ունենում։
«Այն ժամանակ երբ ես նման տոնայնությամբ խոսում էի, այսօրվա ընդդիմադիր գործիչներն ուղղակի սփրթնում էին ԱԺ դահլիճում նստած։
Ուրախ եմ, որ մեր ընդդիմադիր գործիչները վերագտել կամ գտել են իրենց վստահությունը»,-նկատեց Փաշինյանը։
Վարչապետը փաստեց, որ նշել է՝ ով կխոչընդոտի ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը, կհամարեն հակապետական ուժ։
«Մեկ կարևոր դիտարկում, ասել եմ՝ իրավական խոչընդոտ, ի՞նչ եմ ակնարկել, եթե այս որոշումը ՍԴ-ում վիճարկվի, մենք դա կգնահատենք այդպես։ Ինչու՞, որովհետև ասում եմ՝ գնանք ժողովրդին հարցնենք, ապահովենք ժողովրդի ազատ կամարտահայտությունը, իսկ երբ ասում եմ ժողովրդի ազատ կամարտահայտությունը պետք է երաշխավորենք, նկատի ունեմ եկեք ժողովրդին ասեք ձեր փաստարկները, կհավատա՝ կքվեարկի,մենք էլ մեր փաստարկները կասենք»,-նկատեց նա։
Նա կոչ արեց իր խոսքերը հասկանալ այնպես, ինչպես ինքն է ասել՝ ժողովրդի կամքի դե յուրե կամ դե ֆակտո ազատ կամարտահայտմանը խոչըդոտ հանդիսացող ուժերին կհամարեն հակապետական ուժեր։ Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարը նշեց, որ երբեք
ՀՀ-ում չի եղել ընտրություններ, երբ եթերում կա հինգ ընդդիմադիր հեռուստաընկերություն, երբեք այսպիսի պայմաններում քվեարկություն չի եղել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






