Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ: Այդ մասին նշված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
«Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունները գնալով ավելի են սերտանում, և առկա են մեծ հեռանկարներ և առաջընթաց ինչպես քաղաքական, այնպես էլ միջխորհրդարանական, տնտեսական, մշակութային, միջազգային համագործակցության բնագավառներում»,-նշել է Ռուդենկոն:
Փոխարտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանում ապրող հայ համայնքը մեծ ներդրում ունի երկրի զարգացման, առաջխաղացման գործում՝ սկսած բիզնես ոլորտից մինչև առողջապահություն և այլն: Նա նաև իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել ակտիվորեն աշխատել հայ համայնքի հետ տարաբնույթ ուղղություներով:
Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ Ռուսաստանում հայերը լիովին ինտեգրված են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներին, սակայն միևնույն ժամանակ ամուր կապերով կապված են իրենց հայրենիքին:
Այնուհետ հանձնակատարը ներկայացրել է Հայաստան-Սփյուռք գործակցության ներկայիս ուղղությունները, հայկական Սփյուռքի հետ աշխատանքի հիմնական շեշտադրումները՝ անդրադարձ կատարելով Ռուսաստանում հայկական համայնքային կառույցների հետ համագործակցությանը: Զարեհ Սինանյանը կարևորել է հայրենադարձության գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականցվող քայլերը, համապատասխան օրենքի ընդունման հարցը և հայրենադարձներին առաջարկվող ամբողջական փաթեթի ստեղծումը:
Հաշվի առնելով հայկական Սփյուռքի հետ արդեն ավանդական դարձած և համակարգային գործակցության հայաստանյան փորձը՝ ռուսական կողմը հանդես է եկել նախաձեռնությամբ իրականացնել փորձի փոխանակում և խորհրդատվությունների անցկացում: Գլխավոր հանձնակատարը ողջունել է այս առաջարկը և նշել, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտապես պատրաստ է նման համագործակցությունների համար և մեծ սիրով կփոխանցի այն փորձը, որն այսօր նպաստում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների արդյունավետության բարձրացմանը:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Ռուսաստանում հայերենի դասավանդման և դասաժամերի ավելացման խնդրին և պայմանավորվածություն ձեռք բերել շարունակել երկխոսությունն այս ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






