Թիմերն են «Ալաշկերտը», «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան»: Ճիշտ է՝ «Արարատ-Արմենիան» սեփական կամքով չէ հայտնվել Եվրոպա լիգայում, սակայն ամեն դեպքում սա առաջին դեպքն է հայկական ֆուտբոլում, որ 3 թիմ միաժամանակ հանդես է գալու Եվրոպա լիգայի և ընդհանրապես եվրոգավաթների որակավորման 3-րդ փուլում:
Երեկ՝ հուլիսի 18-ին, նախ «Ալաշկերտն» այդ իրավունքը ձեռք բերեց՝ մրցակցի հարկի տակ ավարտին հասցնելով Հայաստանում սկսած գործը: Առաջին խաղում «Մակեդոնիային» հաղթել էր 3:1:
Երեկ 3 անպատասխան գնդակ խփեց: 21-րդ րոպեին հաշիվը բացեց Ուրոշ Նենադովիչը: 68-րդ րոպեին Տիագո Գալվանոն կրկնապատկեց առավելությունը: 74-րդ րոպեին Տարոն Ոսկանյանը ձևակերպեց վերջնական հաշիվը: ՀՀ գավաթակիրը մակեդոնական թիմին հաղթեց ընդհանուր 6:1 հաշվով:
Մյուս խաղում «Փյունիկը» նույնպես մրցակցի հարկի տակ շրջանցեց մակեդոնական մեկ այլ թիմի՝ «Շկուպիին»: Թրիլերային սցենարով ընթացած առաջին հանդիպումը «Փյունիկը» տանը կարողացել էր ոչ-ոքի՝ 3:3 ավարտել: Պատասխան խաղը բավական լարված ստացվեց: «Փյունիկին» հաջողվեց արագ առաջ անցնել: 7-րդ րոպեին հաշիվը բացեց Արտակ Եդիգարյանը: 31-րդ րոպեին Արթուր Միրանյանն ամրապնդեց առավելությունը: 82-րդ րոպեին, սակայն, տանտերերը Մարին Յուրինայի գոլի շնորհիվ կրճատեցին տարբերությունը՝ հույս արթնացնելով: Գոլից հետո «Շկուպիի» կազմում կարմիր քարտ ստացավ ու իր թիմին 10 հոգով թողեց Սերժինյոն: Մրցավարի որոշման հետ չհամաձայնեցին տանտերերի երկրպագուները և սկսեցին շշեր նետել, ինչի պատճառով խաղը մի քանի րոպեով ընդհատվեց: Վերսկսվելուց հետո նոր գոլեր չգրանցվեցին, ու «Փյունիկը» հաջորդ փուլ անցավ հաղթելով ընդհանուր 5:4 հաշվով:
Այս թիմերից առաջ Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում էր հայտնվել«Արարատ-Արմենիան»: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում ՀՀ չեմպիոնը ճանապարհը զիջել էր շվեդական ԱԻԿ-ին, ինչի պատճառով էլ տեղափոխվել է ԵԼ որակավորման 2-րդ փուլ, որտեղ 3 հայկական թիմերից ամենահեշտ մրցակիցը, թերևս, իրենն է: Պայքարելու է «Լինքոլն Ռեդ Իմփսի» դեմ, որը կիսապրոֆեսիոնալ թիմ է Ջիբրալթարից: Առաջին հանդիպումը կանցկացնի տանը հուլիսի 23-ին, պատասխան խաղը՝ հուլիսի 30-ին:
«Ալաշկերտի» մրցակիցը ռումինական «Ստայուան» է: «Փյունիկը» պայքարելու է չեխական «Յաբլոնեցի» դեմ: Այս 2 թիմերի առաջին խաղերը հուլիսի 25-ին են, պատասխան խաղերը՝ օգոստոսի 1-ին:
Եվրագավաթների որակավորման առաջին փուլին Հայասատնից մասնակցում էր 4 թիմ: «Բանանցը» չկարողացավ հաղթահարել սերբական «Չուկարիչկիի» արգելը: Բոլոր խաղերում հայկական թիմերը խփեցին 14 գոլ, բաց թողեցին 17-ը: Այդ 17-ից 8-ը բաց է թողել «Բանանցը», որ մրցակցի դարապսն այդպես էլ չկարողացավ գրավել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







