Մենամարտում ստացած վնասվածքների հետևանքով մահացած 28-ամյա ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մաքսիմ Դադաշևի մարզիչ, հայտնի ամերիկացի մասնագետ, աշխարհի 15 չեմպիոնների մարզած Բադի Մաքգիրթը մեկնաբանել է տեղի ունեցած ողբերգությունը։
«Կարծես՝ խելագարվում եմ։ Ահավոր եմ ինձ զգում։ Նա հրաշալի մարդ էր ու աշխատասեր մարզիկ։ Մարզումների ընթացքը նորմալ է եղել, Մաքսիմը նորմալ վիճակում էր, ամեն ինչ կարգին էր, ոչ մի խնդիր չկար, ամեն ինչ ճիշտ էր անում։ Նա պատրաստ էր, բայց այսպիսին է այս մարզաձևը, ամեն ինչ վճռում է մեկ հարվածը։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ մարզաձևով ենք մենք զբաղվում»,- Մաքգիրթի խոսքը մեջբերում է MMAJunkie-ն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում հուլիսի 20-ին պուերտոռիկացի Սաբրիել Մատիասի հետ մենամարտում Մաքգիրթը բազմիցս հորդորել էր բռնցքամարտիկին ավելի շուտ ընդունել պարտությունը, քանի որ շատ է հարվածներ բաց թողնում։ Միայն 11-րդ ռաունդում նրա թիմը դադարեցրել է մենամարտը։
Դադաշևը ուղեղի այտուցների հետևանքով վիրահատվել էր ու հայտնվել արհեստական կոմայում։ Հուլիսի 23-ին մարզիկը մահացել է։
Դադաշևը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել էր 14 մենամարտ, տարել 13 հաղթանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







