Ընթացիկ տարին օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի համար լի է եղել ձեռքբերումներով, նախ Ղազախստանում մասնակցել է մրցաշարի և դարձել հաղթող, իսկ հետո՝ հանդես եկել՝ Եվրոպական խաղերում։ Այս մասին Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ասել է ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում՝ ամփոփելով ավարտին մոտեցող տարին՝ խոսելով նվաճումների, ԱԱ-ում ստացած վնասվածքի և Հայաստանում UNICEF-ի դեսպան դառնալու մասին։
Ամփոփելով անցնող տարին՝ Արթուր Ալեքասանյանը նշել է, որ այս տարի լավ մարզավիճակում մասնակցել է աշխարհի առաջնությանը, որտեղ հիմնական նպատակը վարկանիշ ձեռք բերելն էր:
«Սկզբում գոտեմարտերը լավ էին ընթանում, բայց երրորդ գոտեմարտում ստացա կողոսկրի վնասվածք և հետագայում այդպես գոտեմարտեցի մինչև եզրափակիչ, որին չկարողացա մասնակցել։ Եթե վնասվածքս չխանգարեր, կարող էի 4-րդ ոսկե մեդալը նվաճել աշխարհի առաջնությունում»,- ասել է Արթուր Ալեքսանյանը՝ նշելով, որ մինչև վերջին վայրկյանը ուզում էր ու պատրաստ էր գոտեմարտել, բայց թույլ չտվեցին, քանի որ կոտրված կողոսկրը կարող էր վնասել այլ օրգանների ու լինեին ավելի լուրջ հետևանքներ։
Օլիմպիական չեմպիոնը նշել է, որ այս պահին իրեն լավ է զգում, այս հավաքից սկսել է գորգային աշխատանքները, մինչև այս միայն ֆիզիկական մարզումներ էր անցկացնում՝ հավելելով, որ պատրաստվում է հունվարին կայանալիք միջազգային մրցաշարին:
Արթուր Ալեքսանյանը նշել է, որ կցանկանա մասնակցել փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, սակայն ավելի պարզ կլինի հունվարին կայանալիք միջազգային մրցաշարից հետո՝ նշելով, որ եթե այնտեղ հին վնասվածքները չխանգարեն, ուրմեն կմասնակցի։
Խոսելով UNICEF-ի բարի կամքի դեսպան դառնալու մասին՝ մարզիկը նշել է, որ ստացել է առաջարկ և միանգամից ընդունել։
«Ինձ համար մեծ պատիվ է լինել այդ կազմակերպության բարի կամքի դեսպանը»,- նշել է Ալեքսանյանը։
Անդրադառնալով Տոկիոյի Օլիմպիական խաղերին՝ Ալեքսանյանը նշել է, որ իր հիմնական նպատակը 2-րդ օլիմպիական ոսկին է՝ ընդգծելով, որ մինչև այդ կարևոր է վնասվածք չստանալը:
Խոսելով իր հիմնական մրցակիցներից մեկի՝ Մուսա Եվլոևի մասին՝ օլիմպիական չեմպիոնը նշել է, որ Եվլոևը լավ ըմբիշ է, լավ մարզավիճակում է:
«ԱԱ-ի ժամանակ տեսանք, թե ում հաղթեցի եզրափակիչի ճանապարհին, իսկ նա՝ ում։ Հույս ունեմ, որ Օլիմպիական խաղերում կհանդիպեմ նրան, և շատ հարցեր կստանան պատասխաններ»,- եզրափակել է օլիմպիական չեմպիոնը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







