Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց հաշմանդամություն ունեցող բոլոր քաղաքացիներին անվճար բարձրագույն և միջնակարգ-մասնագիտական ուսման հնարավորություն տրամադրող օրենքի նախագիծը։ Նախագիծը ներկայացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Համաձայն նախագծի՝ ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներն ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
Նրանք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե ուսումնառության ընթացքում կատարված բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքներով չեն ճանաչվել հաշմանդամ: Պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձիք ուսումնառության ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու պարագայում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ:
Այս իրավակարգավորումները տարածվում են նաև մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաների նկատմամբ: Առաջարկվում է նաև կատարել փոփոխություններ, որոնց միջոցով հնարավորություն կընձեռվի 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց օգտվելու այն բոլոր իրավունքներից, որոնք 14-րդ հոդվածով սահմանված են ինչպես 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, այնպես էլ մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաների համար:
ԱԺ-ն նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունել է միաձայն՝ 102 կողմ ձայնով։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ 2-րդ ընթերցման ժամանակ իրենց քվեարկությունը կախված կլինի նրանից, թե ինչ ազդեցություն կունենա օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի միջոցների վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







