Սիրիայի Հալեպ քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության կողմից հուլիսի 10-ին կազմակերպվել է Հայոց Բերիո թեմի նորընտիր առաջնորդ Մասիս եպիսկոպոս Զուբոյանի, ինչպես նաև Հալեպի առողջապահական և հասարակական հարցերի բարձր մակարդակի հանձնախմբի առաջնորդ Շեյխ Մուհամադ Ադիբ Մահմուդ Հասունի գլխավորած պատվիրակության համատեղ այցելությունը Հալեպում տեղակայված ՀՀ մարդասիրական առաքելության խմբի կենտրոն: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Հայոց Բերիո թեմի առաջնորդ Մասիս եպիսկոպոս Զուբոյանն անդրադարձել է առաքելության կարևորությանն ու պատմական նշանակությանը՝ բարձր գնահատելով հայ բժիշկների, ականազերծողների և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմի կատարած նվիրյալ ծառայությունը և նշել է, որ այն սիրո և երախտագիտության մեր արտահայտությունն է այն մեծ մարդասիրության համար, որ ցուցաբերել է սիրիացի բարեկամ ժողովուրդը Ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայ ժողովրդի գաղթական զավակների նկատմամբ:
Շեյխ Մուհամմադ Ադիբ Մահմուդ Հասունը նշել է, որ խմբի մինչ օրս կատարած մարդասիրական աշխատանքները թե՛ առողջապահության, և թե՛ հումանիտար ականազերծման ոլորտներում արժանացել են Սիրիայի ժողովրդի մեծ համակրանքին և բարձր գնահատականին:
Գլխավոր հյուպատոսությունում ՀՀ հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, պատվիրակության անդամներին շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի և վստահության համար, նշել է, որ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողմից, և, որ խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության եղբայրական աջակցությունն է պատերազմական Սիրիային` միտված տեղի ժողովրդի հոգսերի թեթևացմանն ու կարիքավոր քաղաքացիներին բժշկական անվճար ծառայությունների մատուցմանը:
Պատվիրակության անդամներն այցելել են առաքելության խմբի կեցավայր, շփվել հայ մասնագետների հետ և իրենց գոհունակությունը հայտնել մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







