Գործարանի հիմնումը իրականություն է դարձել 12.500.000 $ ներդրումների շնորհիվ:
Լրագրողների հետ զրույցում գործարանի համասեփականատեր Գևորգ Գասպարյանը հայտնել է, որ գործարանի արտադրանքը մատակարարելու է «Տավուշ ձեռնոց» ընկերությանը, որի հումքը արդեն երկար տարիներ ներմուծում է արտերկրից:
«Մենք վերջապես կազատվենք արտերկրի կախվածությունից»,- նշել է նա։
Գևորգ Գասպարյանը հայտնել է նաև, որ գործարանի գործարկման առաջնային փուլը բամբակյա թելերի արտադրությունն է, ինչը իր շուրջ կհամախմբի ավելի փոքր գործարանների, ինչը կապահովի հսկայական թվով աշխատատեղերի ստեղծում։
Գործարանը նախնական հաշվարկով ամսեկան կտրվածքով արտադրելու է 380 000 կգ բամբակյա թելեր։ Գործարանի համասեփականատերը նշում է, որ արտադրանքի մեծությունը հասնում է ամբողջ Սովետական միությունում արտադրանքի ծավալներին, քանի որ նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ավելի արագ կազմակերպել արտադրանքի գործընթացը։
Մարալիկում գործարանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և գործարար Սամվել Ալեքսանյանը:
Նշենք, որ գործարանի համասեփականատեր է նաև շվեյցարահայ հայտնի գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի սեփականատեր Վարդան Սըրմաքեշը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







