«Ստամբուլի աչքy»՝ Արա Գյուլերը, ծնվել է 1928 թ․ օգոստոսի 16-ին Կ․ Պոլսում։ Գյուլերը արմատներով Շապին-Գարահիսարից է։
Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական դասընթացների:
1950 թվականից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն:
1958 թվականին ամերիկյան հայտնի Time-Life պարբերականը Թուրքիայում մասնաճյուղ է բացում, Գյուլերը դառնում է Մերձավոր Արևելքում նրանց առաջին լուսանկարիչը։ Շուտով նա բավականին հայտնի է դառնում ու սկսում է համագործակցել նաև այլ պարբերականների հետ` Paris Match, Stern, Sunday Time։ Այդ շրջանում Գյուլերը դառնում է «վիզուալ պատմաբան» ու պնդում` եթե կադրում մարդ չկա, լուսանկարը նրա համար գոյություն չունի։
Գյուլերի հիմնական կանոններից էր նաև ճշմարտությանն ու իրականությանը մոտ լինելը. «Լուսանկարիչը չպետք է նկարիչ լինի։ Նրա գործը ճշմարտությունը որսալն է»։
Թուրքիայում նրան անվանում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ», մինչդեռ նա իրեն համարում է «վիզուալ պատմաբան»՝ խոստովանելով, որ չափազանց կարևորում է մարդու ներկայությունը կադրում:
Նա լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Ինդիրա Գանդիին, Մարիա Կալասին, Ալֆրեդ Հիչքոքին, Սոֆի Լորենին, Մարկ Շագալին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին:
2000թ. Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքում նրա անունը գրվել է հազարամյակի 10 մեծագույն թուրքերի կողքին (թուրքական օրենսդրությամբ` Թուրքիայի բոլոր քաղաքացիները «թուրք» են համարվում):
Պարգևատրվել է ֆրանսիական «Legion d’ honneur», 2005 թվականին՝ թուրքական «Grand prize of culture and art», 2009 թվականի՝ Նյու Յորքի «Lucie Award» մրցանակներով: 2004 թվականին՝ Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է:
«Ստամբուլի աչք»-ը վախճանվել է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին Ստամբուլում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







