Այսօր հայ մեծ գյուտարար Հովհաննես Ադամյանի մահվան օրն է:Նա ծնվել է 1879 թվականին Բաքվում: Դեռ դպրոցական տարիներին նա ուներ պրպտելու, նոր բաներ բացահայտելու անհագ ձգտում: Ուսանելով Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում՝ նա մասնագիտանում է տեխնիկական գիտությունների բնագավառում: Որոշ ժամանակ անց Ադամյանը մեկնում է Փարիզ և դասախոսություններ լսում Սորբոնի համալսարանում:
Գերմանիայում Ադամյանը սեփական միջոցներով ստեղծել էր լաբորատորիա և կատարել մի շարք գյուտեր (առաջին անգամ հիմնավորել էր էլեկտրականության միջոցով պատկերի հաղորդման ու վերարտադրման հնարավորությունը, իրագործել գունավոր պատկերը հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա հաղորդելու առաջին փորձը):
Հովհաննես Ադամյանը բազմաթիվ գյուտերի հեղինակ է, բայց ,իհարկե, դրանց մեջ առանձնանում է գունավոր հեռուստատեսության գյուտը: 1925թ. Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը: Նրա մշակած եռագույն հեռուստատեսությունն առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում 1928թ:
Գիտնականը մահացել է սեպտեմբերի 12-ին, Լենինգրադում, թաղվել տեղի հայկական գերեզմանատանը։
1970-ի հունիսի 30-ին Ադամյանի աճյունը փոխադրվել է Երևան՝ քաղաքային պանթեոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







