Ծիծեռնակաբերդի բարձունք տանող ճանապարհի երկու կողմում կտեղադրվի 105 ռոյալ։ «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի այս նախաձեռնությունը կյանքի կկոչվի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին։ Այդ օրը աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած հարյուր հինգ երաժիշտ կատարելու է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը ևս ողջունել է այդ նախաձեռությունը՝ հաշվի առնելով, որ այն ուղղված է Հայոց ցեղասպանության փաստի հասարակական հնչեղության ապահովմանը:
«105 ռոյալ» նախագծի հստակ և մանրամասն ծրագրի, ինչպես նաև իրագործման համար անհրաժեշտ գումարների առկայության պարագայում, երբ հիշյալ նախաձեռնության իրականացումն այլևս հավանական կլինի, թանգարան-ինստիտուտի ղեկավարությունը չի առարկում ռոյալների ժամանակավոր տեղադրմանը հուշահամալիրի տարածքում՝ պայմանով, որ որևէ վնաս չհասցվի կանաչ գոտուն և ընդհանրապես հուշահամալիրի տարածքին»,-գրել է տնօրենը։
Հիմնադրամի առաջարկով նախագծի՝ կյանքի կոչվելու դեպքում 2020 թվականի ապրիլի 25-ի առավոտյան ռոյալները կնվիրվեն Հայաստանի տարբեր քաղաքների ու գյուղերի երաժշտական դպրոցներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







