Այսօր հայ անվանի աստղագետ, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրների մեկի՝ տաղանդաշատ գիտնական Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է։ Ակադեմիկոսն իր կյանքի ընթացքում հասցրել է բացատրել լույսի միջաստղային կլանումը, առաջարկել ինվարիանտության սկզբունքը և դրա հիման վրա ստեղծել պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը, հայտնագործել է աստղասփյուռները, գալակտիկաների կորիզների ակտիվությունը և ի վերջո հիմնադրել է Բյուրականի աստղադիտարանը, որը համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը և այժմ պատկանում է Գիտությունների Ազգային ակադեմիային։
Համբարձումյանի հայրը դեռ փոքր տարիքից նկատում է տղայի բնատուր ձիրքը բնագիտական առարկաների հանդեպ և լրջորեն սկսում է զբաղվել նրա կրթությամբ։ Դեռ դպրոցական տարիներին նա հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական Համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։
Վիկտոր Համբարձումյանին համարում են նաև մեծ բանասեր և հայոց լեզվի ջատագով։ Մահից երկու տարի առաջ ՝ 1994 թվականի օգոստոսի 29-ին, Համբարձումյանը գրում է մի նամակ, որտեղ ապացուցվում է նրա սերը դեպի հայոց լեզուն, որպես ազգի պահպանության գլխավոր չափանիշ․
«Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու:Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







