Գյումրիում այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում առաջին անգամ անց է կացվել «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխություն։ Ելույթ ունենալով մրցանակաբաշխության ժամանակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա Հայաստանի և հայ ժողովրդի մասին է, որ այսօր հարգանքի և մեծարանքի տուրք է մատուցվում հայ ժողովրդի տաղանդին, նրա ստեղծարար հզորությանը, սեփական ուժերին հավատալու նրա կարողությանը։
Վարչապետն իր խոսքում ընդգծել է, որ Նոր Հայաստանի առանձնահատկությունն անընդհատ նոր հերոսներ կերտելու խնդրի առկայությունն է ։
«Աներկբա է, որ առաջին և ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, որոնք կանգնած են սահմանին, մեր սպաները, մեր Զինված ուժերը, գեներալները»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով երեկ ՀՀ նախագահի նստավայրում հանրապետության նախագահի կողմից բազմաթիվ զինվորականների կոչումների ու մեդալների շնորհման արարողությանը՝ վարչապետը հավելել է նաև, որ հերոսներ են նաև մեր ժողովրդի արվեստն ու մշակույթը ստեղծած մարդիկ, մեր գիտնականները, բազմաթիվ պետական գործիչներ, սակայն այդ հերոսական համայնապատկերին պետք է ավելացնել ևս մեկ կարևոր շտրիխ. աշխատող և արարող մարդու կերպարը, այն մարդկանց, որոնք ունեն համարձակություն՝ իրենց ձեռքը վերցնելու իրենց և իրենց հայրենիքի ճակատագրի ղեկը։
«Մենք քաղաքական հեղափոխությունը սկսել և իրականացրել ենք մի կարգախոսով, մենք ՀՀ բոլոր քաղաքացիներին ասել ենք՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես։ Այսօր՝ տնտեսական հեղափոխության այս շրջանում, նույն ուղերձն ենք հղում քաղաքացուն, որ մեր երկրի տնտեսությունը, բանակը կախված են մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես։ Մեր խնդիրն է, որ Հայաստանը լինի բարեկեցիկ երկիր, և Հայաստանը լինելու է բարեկեցիկ երկիր, որտեղ մարդիկ իրենք իրենց ձեռքերով ստեղծում են իրենց հայրենիքի բարեկեցիկ ներկան »,-ընդգծեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ «Մեր ժամանակի հերոս» շքանշանին առաջադրված է եղել 42 մասնակից, ինչի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է, որ դժվարացել է 42-ից ընտրել մի քանիսին, քանի որ նրանք բոլորն էլ մեր ժամանակի հերոսներն են։
Նա ընդգծել է, որ գլխավոր մրցանակակիրը իր մեջ ներառում է մեր ժամանակների բոլոր հերոսների հավաքական կերպարը, նա մի մարդ է, որն իր կյանքում հեղափոխություն անելու որոշում է կայացրել. քաղաքից տեղափոխվել է գյուղ։ Նա մի մարդ է, որ, լինելով ընտանիքի մայր, չի համարել, որ անելիք չունի, հավատացել է իր ուժերին և ստեղծել ձեռնարկություն։
«Այս մրցանակն այն ընտանիքներինն է նաև, որոնք չեն սահմանափակում իրենց կանանց կամ մայրերի ինքնադրսևորվելու հնարավորությունը։ Այս մրցանակը նաև խորհրդանշում է մեր ժողովրդի ստեղծարարության հավաքական կերպարը»,- նշեց ՀՀ վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







